среда, 26 ноября 2014 г.

Էդնա Միլլեյ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էդնա Սենթ Վինսենթ Միլլեյ (1892-1950)
Թարգմանությունը անգլերենից՝ Էդուարդ Հակոբյան
Կապույտ մորուք / Bluebeard
Պետք չէր բացեիր դուռը: Բացեցիր:
Ներս մտիր և տես՝ ինչ աննշան եմ
Քեզ դավաճանել: Ոչ գանձ կա այստեղ
Թաքուն, ոչ կճուճ, ոչ ճշմարտություն
Ցույց տվող հայելի: Ոչ իսկ գլուխներ
Սպանված կանանց՝ քո պես ագահ կամ
Տանջանքի հետքեր: Լոկ այն, ինչ տեսար.
Դե նորից նայիր՝ դատարկ մի սենյակ,
Անհարմարավետ, սարդոստայնապատ:
Սա պահում էի, հեռու իմ կյանքից,
Միայն ինձ համար: Բայց սողոսկեցիր
Շեմն այս երեկո դու այնպես ստոր,
Որ էլ երեսիդ նայել չեմ կարող:
Սա հիմա քոնն է: Նորը կփնտրեմ:

Աղոթք Պերսեփոնեին / Prayer To Persephone
Եղիր նրան, Պերսեփոնե՛,
Ամեն ինչ, որ ես չեղա․
Դիր գլուխը քո գոգին:
Այնքան հպարտ, վայրի էր,
Անհոգ, ինքնագոհ, ազատ,
Նա իմ կարիքը չուներ․
Փոքրիկ, մենակ մանուկ է
Նա՝ մոլորված դժոխքում․
Դիր գլուխը քո գոգին,
Ասա նրան․  «Իմ անգին,
Այստեղ շատ ահավոր չի»:

Комментариев нет:

Отправить комментарий