Փիլիսոփայություն

Հին Հունական փիլիսոփայությունը և զարգացման փուլերը

Հունական փիլիսոփայությունը, փիլիսոփայական ուսմունքների այն ամբողջությունն է, որը ձևավորվել և զարգացել է Հին Հունաստանում մ.թ.ա. 6-րդ դարում ու մասամբ կամ ամբողջապես տիրապետել մինչև անտիկ դարաշրջանի ավարտը։ Հին հունաստանում փիլիսոփայությունը ծագում է այն ժամանակ, երբ ձևավորվում և հաստատվում է ստրկատիրական հասարակարգը, զարգանում է տնտեսությունը, մտավոր աշխատանքը տարանջատվում է ֆիզիկականից, այսինքն՝ մտավոր գործունեությունը ձեռք է բերում ինքնուրույնություն և անկախություն։ 

Հին հունական փիլիսոփայություն՝ անտիկ փիլիսոփայություն (մ. թ. ա. V– 
մ. թ. V–VI դարեր). վաղ շրջանը կոչվում է բնափիլիսոփայություն, երբ ուսումնասիրության հիմնական առարկան եղել է  բնությունը, որից աստիճանաբար անցում է կատարվել մարդու մասին դատողություններին: Հույն փիլիսոփա Պյութագորասը (մ. թ. ա. 580–500 թթ.), որ առաջինն է օգտագործել «փիլիսոփայություն»  հասկացությունը, փիլիսոփա համարել է այն մարդկանց, ովքեր կարողացել են դատողություններով բացահայտել ներհակ ճշմարտությունները:
Սոկրատեսը (մ. թ. ա. 469–399 թթ.) փիլիսոփայության հիմնական խնդիրը համարել է մարդուն ճանաչելը, իսկ ըստ Պլատոնի (մ. թ. ա. 427–347 թթ.)՝ փիլիսոփայությունը  «իրերի բուն էության ու մարդկային հարաբերությունների մեջ մտքով ներթափանցելու արվեստն է»:

Արիստոտելը (մ. թ. ա. 384–322 թթ.), համակարգելով ողջ նախընթաց հունական փիլիսոփայությունը, այն վերածել է գիտության, մշակել նրա առարկան ու մեթոդաբանությունը:

Քրիստոնեական ջատագովության տեսություն

Սկզբնական փուլում ջատագովության նպատակն էր նախ ցույց տալ հեթանոսների, իմաստասերների, հրեաների և առհասարակ ոչ քրիստոնյաների՝ քրիստոնեության և քրիստոնյաների դեմ հարուցած մեղադրանքների անհիմն լինելը և ապա բացատրել, թե ինչ է քրիստոնեությունը, ում են հավատում քրիստոնյաները, հաստատել քրիստոնեության իրավունքները, որոնք հիմնված են նրա բովանդակած հայտնութենական, աստվածահիմն ճշմարտության վրա։ Քրիստոնյաները մեղադրվել են անաստվածության (որովհետև չեն պաշտում կուռքերին և աստվածներին), Հռոմեական կայսրության դեմ ունեցած կարծեցյալ թշնամանքի (որ հետևանք էր նոր, հոգևոր թագավորության մասին քրիստոնեական վարդապետության սխալ ընկալման), անբարոյականության (իբր քրիստոնյաները պաշտամունքի ժամանակ ուտում են ազգականների միսը, կենակցում նրանց հետ և այլն) մեջ։ Այսօրինակ անհեթեթ մեղադրանքները հերքելու համար հրապարակ են եկել ջատագովները, որոնք, օգտվելով Աստվածաշնչից, ժամանակի արտաքրիստոնեական մշակույթից, փիլիսոփայությունից, մասամբ եկեղեցական իրականությունից, ապացուցում էին, որ քրիստոնեությունը միակ ճշմարիտ, ընդունելի կրոնն է, իսկ քրիստոնյաները՝ կայսրության հուսալի, օրինավոր քաղաքացիները։

Комментариев нет:

Отправить комментарий